ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ֆրանսախոս ինժեներներ էլ կունենանք

Ֆրանսախոս ինժեներներ էլ կունենանք
21.06.2013 | 16:35

Գալիք ուսումնական տարում ինժեներական գրաֆիկայի, ենթակառուցվածքների ինժեներիայի, շինարարական նոր սեյսմակայուն տեխնոլոգիաների և կանոնակարգերի, դիզայնի, ֆինանսական ինժեներիայի և էկոնոմիկայի մասնագիտություններին նախապատվություն տվող դիմորդները հնարավորություն կստանան ուսանելու դրանք Հայաստանում նորաբաց ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտում:
Ինստիտուտի ռեկտոր Լորան Ֆրուժիեն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն ներկայացրեց ինստիտուտի բացման անհրաժեշտությունը: Ըստ նրա` ծրագրի վրա աշխատել են երեք տարի:
Այս տարվա մայիսի 24-ին Փարիզում, ՀՀ դեսպանատանը, ինը հիմնադիր կողմերը կնքել են համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ հիմնադրելու վերաբերյալ: Լորան Ֆրուժիեն տեղեկացրեց, որ նորաստեղծ ինստիտուտը Ֆրանսիայի բարձրագույն ինժեներական բուհերի և խոշորագույն հիմնադրամների մասնակցությամբ նպատակ ունի ՀՀ-ում ներդնելու ֆրանսիական ինժեներական կրթական ամբողջական համակարգ` բուհական, հետբուհական և վերապատրաստման ուղղություններով` խնդիր ունենալով կիրառելու ֆրանսիական առաջադեմ փորձը, ժամանակակից նորարարական ծրագրերը և եվրոպական չափանիշները:
Այս տարվա դիմորդներին, որոնք հետագայում կլինեն ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի առաջին շրջանավարտները, կընձեռվի երկու առավելություն. նրանք հնարավորություն կունենան գրանցվելու մինչև օգոստոսի 25-ը, ընդունելությունը կկազմակերպվի հարցազրույցի և դպրոցական ավարտական վկայագրի հիման վրա: Ինստիտուտը պատրաստվում է ընդունելություն կազմակերպելու հինգ մասնագիտությունների գծով: Ուսուցումն իրականացվելու է Բոլոնիայի կրթական համակարգով` չորս տարի բակալավրիատի ուսուցում, երկու տարի` մագիստրոսական ծրագիր, ֆրանսերենի և անգլերենի ուսուցումը կիրականացվի ողջ ուսումնառության ընթացքում:
Լորան Ֆրուժիեն լրագրողներին տեղեկացրեց նաև, որ առաջին երկու տարիներին դասախոսությունները կլինեն հայերեն, իսկ բարձր կուրսերում` անգլերեն և ֆրանսերեն: Ուսման վճարը կկազմի 1000 եվրո, ուսանողների քսան տոկոսին կընձեռվի անվճար ուսանելու հնարավորություն` կախված ուսման ընթացքում ցուցաբերած առաջադիմությունից:
«Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտում կդասավանդեն ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի դասախոսներ»,- տեղեկացրեց ռեկտոր Լորան Ֆրուժիեն:
ՀՖԲԻԻ-ում ուսանող լավագույն բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտներին կտրամադրվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ ֆրանսիական վկայագրեր: Ռեկտորը հավաստիացրեց, որ այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում հայ ուսանողներին իրենց կրթությունը շարունակելու Ֆրանսիայում, ստանալու ֆրանսիական վկայագրեր, վերապատրաստվելու և փորձի փոխանակման միջոցով զարգացնելու նորաստեղծ բուհի վարչական և կրթական կարողությունները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ